ARMENIA

Կարծես թե, իմ երակներով հոսում է հայի արյուն: Ես դա զգում էի դեռ մանուկ հասակից: Ես շատ ուժգին եմ կապված հայոց պատմության, հնադարյան մշակույթի եւ հայ ժողովրդի հետ, որն այդքան շատ ցավ է տեսել: Լիբանանցի իմ համակիրների հետ՝ մենք աջակցում ենք հայկական հարցին, հարգում ենք հայ ժողովրդին՝ անարդարության դեմ իր անկոտրում պայքարի համար, մենք հարգում ենք, որովհետեւ հայերը երբեք չեն մոռանում իրենց արմատները:
Երբ հայերը հաստատվեցին Լիբանանում, նրանք տկար էին ու անոթի, բայց ունեին ցավի դեմ պայքարելու մեծ կամք: Այս արտասովոր կարողության շնորհիվ էլ՝ հայերը ոտքի ելան ու այսօր հաջողակ են: Լիբանանցիներն ունեն միեւնույն հայրենասիրական զգացողությունները, ինչպես հայերը: Հայերը համառ են, ինչպես երբեք. նրանք պայքարում են արդարության համար:
Լիբանանահայերը նաեւ անգնահատելի ներդրում ունեն Մայրիների երկրում, նրանք մեծ ավանդ ունեն Լիբանանի տնտեսության, մշակութային կյանքում, ինչպես նաեւ տարբեր համայնքների համախմբման հարցում:
Հենց այս ամենի համար է, որ բոլոր լիբանանցիները հարգում են հայերին եւ երկրի կառավարության կազմում ներգրավում են ազգությամբ հայ նախարարների:
Իմ կապերը Հայաստանի հետ շատ հին են:  Իմ ընտանիքը շատ մեծ էր եւ համեստ ապրող. Դեռահաս տարիքում ես չէի կարող հաճախել դպրոց եւ, մի օր, բախտի բերմամբ, աշխատանք գտա «Զարթոնք» թերթում: «Զարթոնք»-ի  տնօրենը՝ երջանկահիշատակ Նազարեթ Թոփաքյանը, Վահան Թեքեյան կենտրոնի հետ, օգնեց ինձ, որ ես կարողանայի հագեցնել իմ կիրքը լրագրության ասպարեզում: Իսկ սերը գրատպության հանդեպ՝ հնարավորություն տվեց ինձ շարունակելու աշխատանքը թերթում: Ավելին՝ Նազարեթ Թոփաքյանը կարողացավ հորս համոզել, որ ինձ տաներ երեկոյան դպրոց:
Նազարեթը ասել էր հորս՝ քո որդին շատ լավ լրագրող կլինի: Ավելի ուշ ես սովորեցի Բժշկական համալսարանում, սակայն այն ավարտելուց հետո մտափոխվեցի, քանզի իմ ճակատագիրն արդեն գծված էր իմ անցյալի հետ: Բժշկությունից զատ, սովորեցի եւ ավարտեցի նաեւ Քաղաքագիտություն ֆակուլտետը, իսկ այժմ՝ ես ռազմական լրագրող եմ, որն աշխատում է աշխարհի թեժ կետերի առաջնագծերում, ինչպես նաեւ կամավոր սկզբունքներով թղթակցում է Արմենպրեսին:
Այնքան ժամանակ, որքան իմ սիրտը բաբախում է, ես կսիրեմ Հայաստանը՝ որպես իմ երկիր:  Այնքան ժամանակ, որքան իմ սիրտը բաբախում է՝ ես կպայքարեմ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

Rispondi