Missione in Armenia

Թալալ Խրայիս

Իտալիան եւ Հայաստանն ինտենսիվորեն զարգացնում են հարաբերությունները տնտեսական, քաղաքական եւ մշակութային ոլորտներում: Եվրոպայի եւ Ասիայի, քրիստոնեության եւ մահմեդական աշխարհի միջեւ գտնվող Հայաստանը շարունակական զարգացման փուլում է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, այդ օրերին առաջադեմ շատ երկրների կողմից հայերին ցուցաբերած աջակցությունը Հայաստանին ավելի ճանաչելի դարձրին, բայց այդ ճանաչելիությունը դեռ այնքան աննշան է: Մինչսեռ այս փոքր երկրի (միայն աշխարհագրորեն փոքր) մշակութային ներուժն այնքան մեծ է ու բազմաշերտ:

Հարաբերությունները Իտալիայի հետ սկսել են մ.թ. 66 թվականից, երբ հայոց արքա Տրդատ Առաջինն այցելում է Հռոմ՝ Ներոնից իր թագը ստանալու:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին՝ ապրիլյան այցը Հռոմ եւ Վատիկան խորհրդանշական էր. Վատիկանի պարտեզներում հանդիսավորությամբ բացվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը, որն օծեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Օծման արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը։

Նախագահ Սարգսյանը հանդիպում ունեցավ նաեւ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգում էր՝ միջազգային արդի խնդիրները, քրիստոնյաների եւ կրոնական փոքրամասնությունների վիճակը՝ հատկապես պատերազմական գոտիներում:

Մինչ Հայաստանի ներկայացուցչական պատվիրակությունը Իտալիայում եւ Վատիկանում էր, նույն օրերին Հայաստան էին այցելել իտալացի լրագրողներ՝ Իտալիայում «Արմենպրես»-ի հատուկ թղթակից Թալալ Խրայիսի ուղեկցությամբ: La stampa-ի եւ Rai Radio-ի լրագրողներն այցելեցին Արցախ, ներկա եղան Դադիվանքում տեղի ունեցած Քրիստոսի հարության Սբ. պատարագին, հարցազրույց ունեցան Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Արցախի պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանի հետ: Իտալացի լրագրողները եղան նաեւ ՊԲ զորամասերից մեկում: Երեւանում նրանք այցելեցին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Մատենադարան, որտեղ պահվում է նաեւ Սուրբ Գրիգոր Նարեկացու ժառանգությունը, ինչպես նաեւ Խոր վիրապ՝ ծանոթանալով հայ ժողովրդի պատմական եւ քրիստոնեական հարուստ պատմությանը:

Rispondi